пятница, 13 октября 2017 г.

Ժողովրդավարություն

Պլատոնի և Արիստոտելի ժամանակներից, անտիկ Հունաստանում հայտնի էր դեմոկրատական քաղաքական համակարգը, որը սակայն և Պլատոնը, և Արիստոտելը համարում էին վատ կառավարման համակարգ: Սակայն քաղաքականության տեսության մեջ տարածված է այն կարծիքը, որ "դեմոկրատիայից սարսափելի ուղեբեռ չկա աշխարհում, սակայն դրանից լավ մարդկությունը ոչինչ չի ստեղծել": Մասնագիտական գրականության մեջ առանձնացվում են ժողովրդավարության տարբեր կոնցեպցիաներ և ժողովրդավարական քաղաքական համակարգի տարբեր մոդելներ: Հիմնականում առանձնացվում են դեմոկրատիայի 2 մոդելներ՝

  • ուղղակի դեմոկրատիայի մոդել,
  • ներկայացուցչական դեմոկրատիայի մոդել:
Ուղղակի դեմոկրատիայի պարագայում ժողովուրդը հանդիսանում է ոչ միայն իշխանության ձևավորման հիմնական աղբյուրը, այլև դրա անմիջական իրականացնողը: Այսպիսի մոդելը հիմնականում գործել է անտիկ ժողովրդավարության պայմաններում, հին հունական պոլիսներում, երբ պոլիսի բոլոր քաղաքացիները ուղղակիորեն մասնակցել են քաղաքական որոշումների ընդունման գործընթացին: Ներկայացուցչական դեմոկրատիայի պայմաններում ժաղովուրդը իր՝ քաղաքական որոշումները ընդունելու իրավունքը լիազորում է իր կողմից ընտրված ներկայացուցիչներին, որոնք էլ ժողովրդի անունից իրականացնում են իշխանությունը տվյալ երկրում: Այսօր ավելի տարածված է ներկայացուցչական դեմոկրատիայի մոդելը: Բացի վերոնշյալ մոդելներից, առանձնացվում են նաև մի շարք կոնցեպցիաներ, մասնավորապես լիբերալ-դեմոկրատիայի կոնցեպցիան, որի հիմքում ընկած է
  • մարդու անհատական իրավունքների և ազատությունների պաշտպանությունը,
  • իշխանությունների տարանջատման սկզբունքը,
  • շուկայական հարաբերությունների առկայությունը,
  • մասնավոր սեփականության գերակայությունը,
  • պետության նվազագույն գործառույթների իրականացումը,
  • հասարակության ընկալումը որպես անհատների պարզ համագումար:
Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն առաջնությունը տրվում է ոչ թե մարդու անհատական իրավունքներին, այլ հանրային շահերին, մարդկանց կոլեկտիվ իրավունքներին և ազատություններին: Սոցիալ-դեմոկրատիայի համաձայն պետությունը հասարակության կյանքում ունի ավելի մեծ դերակատարում, մասնավոր սեփականությունից զատ ընդունվում են նաև տնտեսվարման խառը ձևերը, հասարակությունը ընկալվում է որպես օրգանական ամբողջություն, որը ավելին է, քան զուտ անհատների պարզ համագումար: Քաղաքագիտության մեջ առանձնացվում են նաև
ժողովրդական դեմոկրատիայի տեսությունը, որտեղ քաղաքական որոշումների ընդունման պրոցեսներում նախապատվությունը տրվում է ժողովրդական կամքին:
պլեբիսցիտալ դեմոկրատիայի քաղաքական տեսությունը, որտեղ քաղաքական որոշումները ընդունվում են տարբեր հանրահավաքների և պլեբիսցիտների միջոցով:
 
Դեմոկրատիայի տնտեսական կոնցեպցիան, որը հիմնավորում է այն գաղափարը, ըստ որի, ժողովրդավարական քաղաքական համակարգեր ավելի հեշտ է կառուցել տնտեսապես զարգացած երկրների պայմաններում, որտեղ 1 շնչին բաժին ընկնող ՀՆԱն տատանվում է 10.000-12.000 $-ի շրջանակներում: Այս դեպքում դեմոկրատիայի հաստատման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ: Հայաստանում այդ թիվը 4 անգամ պակաս է և հասնում է 1000-2000 $-ի:
 
Դեմոկրատական տեսության թվում առանձնացվում է դեմոկրատական ալիքների տեսությունը: Այս կոնցեպցիայի համաձայն, վաղ թե ուշ աշխարհի բոլոր պետությունները պետք է գան դեմոկրատական կառավարման համակարգի, իսկ այդ գործընթացը տեղի է ունենում ժողովրդավարական ալիքների տեսքով, որտեղ նկատվում են մակընթացության և տեղատվության երևույթներ: Դեմոկրատիայի առաջին ալիքը սկիզբ է առել 19-րդ դարի 20-ական թվականներից: Այն իր մեջ ընդգրկել է շուրջ 30 երկիր և տևել է մինչև առաջին համաշխարհային պատերազմը: Այդ ընթացքում այդ պետությունների մոտ կեսը հետ նահանջեցին դեմոկրատական կառավարման սկզբունքներից՝ վերածվելով ավտորիտար քաղաքական համակարգով պետությունների: Երկրորդ ալիքը ընդգրկում է երկու համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանակահատվածը: 2-րդ ալիքի մեջ ներառվեցին մոտ 60 պետություններ, որոնցից մոտ 20-ը 50-60-ականներին նորից հետ նահանջեցին: Դեմոկրատիայի երրորդ ալիքը սկիզբ է առնում 20-րդ դարի 80-ական թվականներին և համապատասխանում է ԽՍՀՄ կազմալուծման հետ: Այս ընթացքում աշխարհի շուրջ 165 պետություններ բռնեցին դեմոկրատիայի ուղին: Այսօր աշխարհը գտնվում է դեմոկրատիայի 3-րդ ալիքի մեջ, նկատվում են տեղատվության երևույթներ. այս տրամաբանությամբ դեռ սպասվում են չորրորդ և հինգերորդ ալիքները: Այսպիսով ժողովրդավարական քաղաքական համակարգին բնորոշ են հետևյալ հատկանիշները՝
  • Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանության մեխանիզմներ:
  • Քաղաքական պլյուրալիզմի կամ բազմակարծության առկայություն:
  • Իշխանությունների տարանջատման սկզբունքի կիրառում:
  • Օրենքի գերակայություն և բոլորի հավասարություն օրենքի առջև:
  • Ազատ, արդար և թափանցիկ ընտրությունների անցկացում:
  • Իրավական և սոցիալական պետության կայացում:
  • Էթնիկական, կրոնական և մշակութային բազմազանություն:
Մեծամասնության իշխանություն և փոքրամասնության իրավունքների երաշխավորված պաշտպանություն:
Ժողովրդավարական քաղաքական համակարգը գործում է հետևյալ սկզբունքի համաձայն. "Թույլատրված է այն, ինչն արգելված չէ օրենքով":



Комментариев нет:

Отправить комментарий