среда, 9 мая 2018 г.

Սելեկցիա

Սելեկցիա կամ ընտրասերում, գիտությունը, զբաղվում է տարբեր օրգանիզմների բնության մեջ գոյություն ունեցող տեսակների բարելավմամբ և կենդանիների նոր ցեղատեսակների, բույսերի նոր սորտերի և բակտերիաների նոր շտամների ստեղծմամբ։
Սելեկցիան մշակում է բույսերի և կենդանիների ժառանգական հատկանիշների վրա ներգործելու եղանակներ՝ մարդու համար այն անհրաժեշտ ուղղությամբ փոփոխելու նպատակով

Ձևեր

Սելեկցիան բուսական և կենդանական աշխարհի էվոլյուցիայի ձևերից է և ենթարկվում է նույն օրենքներին, ինչ տեսակների էվոլյուցիան բնության մեջ, բայց բնական ընտրությունը, մասնակիորեն, այստեղ փոխարինվել է արհեստականով։ Սելեկցիան մեծ դեր ունի բնակչությանը պարենամթերքով ապահովելու գործում։

Հասարակ սելեկցիայի և ընտելացման միջոցով մարդկությունն արդեն նեոլիթի ժամանակաշրջանում ուներ գրեթե բոլոր ժամանակակից պարենային բույսերի մշակովի ձևերը և ընտանի կենդանիները։

Գիտատեսական հիմք

Սելեկցիայի գիտատեսական հիմքը գենետիկան է։ Այն սերտորեն կապված է կարգաբանության, անատոմիայի, մորֆոլոգիայի, ֆիզիոլոգիայի, բույսերի և կենդանիներիէկոլոգիայի, կենսաքիմիայի, իմունոլոգիայի, բուսաբուծության, անասնաբուծության (զոոտեխնիկա), ֆիտոպաթոլոգիայի, միջատաբանության և այլ գիտությունների հետ, օգտագործում է դրանց հետազոտման մեթոդները և եղանակները։

Զարգացում

Sectio caesarea.jpg
Սելեկցիայի զարգացման համար բացառիկ նշանակություն ունեն նաև սաղմնաբանությունը, փոշոտման և բեղմնավորման կենսաբանությունը, հյուսվածաբանությունը և մոլեկուլային կենսաբանությունը։ Ըստ Ն. Ի. Վավիլովի սահմանման սելեկցիան, որպես գիտություն, բնորոշվում է բարձր կոմպլեքսայնությամբ։ Չ. Դարվինի էվոլյուցիան տեսությունը, Գ. Մենդելի օրենքը, մաքուր գծերի և մուտացիաների մասին ուսմունքը սելեկցիոներներին հնարավորություն տվեցին մշակել բուսական և կենդանական օրգանիզմների ժառանգականության նպատակադիր կառավարման մեթոդներ։
Բույսերի և կենդանիների անհատական ընտրության հիմքում ընկած են մաքուր գծերի, հոմո- և հետերոզիգոտության, ֆենոտիպի և գենոտիպի չնույնացման եղած գենետիկական պատկերացումները։ Հատկանիշների անկախ ժառանգման և ազատ համակցման (կոմբինացիայի) օրինաչափությունները սերնդում դարձան հիբրիդացման և խաչասերման տեսական հիմքը, որոնք ընտրության հետ սելեկցիայի հիմնական մեթոդներից են։ Գենետիկայի հետագա զարգացման շնորհիվ ստեղծվեցին եգիպտացորենի, սորգոյի, վարունգի, լոլիկի, ճակնդեղի, խոշոր եղջերավոր կենդանիների և թռչունների խառնացեղերի, հետերոզիսային հիբրիդներ, արհեստական մուտացիաներ և պոլիպլոիդ ձևեր։

Պատմություն

Carrots of many colors.jpg
Սելեկցիան ծագել է բույսերի մշակության և կենդանիների ընտելացման հետ միաժամանակ։ Մարդը մշակելով բույս և բազմացնելով կենդանիներ, սկսել է ընտրել և բազմացնել առավել մթերատուներին, որը նպաստել է դրանց ակամա բարելավմանը։ Այդպես հազարամյակներ առաջ ստեղծվել է հասարակ սելեկցիա։ Հին սելեկցիոներներն ստեղծել են պտղատու բույսերի, խաղողի շատ սորտերև կենդանիների ցեղեր։ Նրանց հայտնի էր ժամանակակից սելեկցիայի մի շարք մեթոդներ և գործադրաձևեր (օրինակ, արհեստական փոշոտում)։
Երկրագործության և անասնապահության զարգացմանը զուգընթաց արհեստական ընտրությունը կրեց զանգվախային գիտակցական բնույթ, և ձևավորվեց ժողովրդական սելեկցիա, ստեղծվեց այժմյան գյուղատնտեսական բույսերի և կենդանիների մեծ բազմազանությունը։ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի սկզբին Մեծ Բրիտանիայում ստեղծվեցին առաջին սելեկցիոն բուծարանները, կազմակերպվեց տոհմային անասնաբուծությունը։ Բույսերի սելեկցիայի տեսության հետագա զարգացումն իր գործնական արդյունքներով կապված է Ի. Վ. Միչուրինի անվան հետ։
Գիտական սելեկցիայի զարգացման գործում իր ավանդն ունի Կ. Ա. Տիմիրյազևը, նրա տեսությունը ժառանգականության ձևերի և դասակարգման մասին։ Ժառանգականության փոփոխականության մեջ Ն. Ի. Վավիլովի բացահայտած հոմոլոգ շարքերի օրենքը, մշակովի բույսերի առաջացման կենտրոնների մասին տեսությունը, սելեկցիայի էկոլոգիական աշխարհագրական սկզբունքները, բույսերի և ելանյութի իմունիտետի մասին ուսմունքը լայնորեն սկսեցին կիրառվել սելեկցիայում։ Կենդանիների սելեկցիայի գենետիկական հիմունքների զարգացման գործում խոշոր ներդրում ունեն Մ. Ֆ. Իվանովը, Պ. Ն. Կուլեշովը, Ա. Ս. Սերեբրովսկին։
Վավիլովի և նրա հետնորդների կողմից համամիութենական բուսաբուծության ինստիտուտում ստեղծված բույսերի հավաքածուն՝ 300 հազարից ավելի նմուշներով, ընդգրկում է աշխարհի մշակովի բույսերի և վայրի ձևերի գրեթե ամբողջ բազմազանությունը, որն արժեքավոր ելանյութ է սելեկցիայի համար։

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներ

Սելեկցիայում կիրառվող հիմնական մեթոդներն են. ընտրությունը, խաչասերումը, մուտագենեզը, ինցուխտը, պոլիպլոիդան և այլն։ Հաճախ այս մեթոդները համատեղ են կիրառվում։ Բույսերի սելեկցիան տարվում է բերքատվության բարձրացման, որակի լավացման, հիվանդությունների և վնասատուների նկատմամբ կայուն, ցրտադիմացկուն, երաշտադիմացկուն սորտերի, իսկ անասնաբուծության մեջ՝ մթերատվության և արտադրանքի որակի, պտղաբերության, մորթու գույնի, տեղական պայմաններին հարմարած ցեղերի ստեղծման ուղղությամբ։
Ակնառու են սելեկցիայի արդյունքներն անասնաբուծության մեջ։ Բուծվել են արժեքավոր բարձր մթերատու տավարի կոստրոմյան, ղազախական սպիտակագլուխ, ոչխարների՝ ասիական, Կրասնոյարսկի, ղազախական արխարամերինոս և այլ ցեղեր։ Թռչնաբուծությունում ստացվել են գծեր, որոնք օգտագործվում են մսատու և ձվատու վաղահաս հիբրիդների ստեղծման համար։

Հայաստանում

Հայաստանում սելեկցիան ձևավորվել է դեռևս հնագույն ժամանակներից։ Հայկական լեռնաշխարհում բնակիչները բույսերի մշակման և կենդանիների ընտելացմանը զուգնթաց, ժամանակի ընթացքում, ընտրել և բազմացրել են առավել արժեքավորներին, և արդեն ուրարտական շրջանում հայտնի են եղել ժամանակակից գյուղատնտեսական բազմաթիվ ցեղեր (նրբագեղմ և կոպտաբուրդ ոչխարներ, լծկան և հեծկան ձիեր) և բույսերի (խաղողի, ցորենի) սորտեր։ Հայաստանում ստեղծվել են ոչխարների մազեղ, բալբաս, ղարաբաղի, կարամանյան, այծերի՝ կիլիկիայի, ձիերի՝ ղարաբաղի, կիլիկիայի ցեղերը, ինչպես նաև տեղական տավարի, հավերիբազմաթիվ ձևեր։ Հայաստանը նաև բույսերի հարուստ բազմազանության օջախ է՝ դրա շատ տեսակների (ցորեն, պտղատուներ, խաղող) ձևագոյացման կենտրոն։

Комментариев нет:

Отправить комментарий